
"Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բազմապրոֆիլային բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկը: Հիվանդանոցի սկզբնական անվանումն է Քաղաքային շտապ օգնության թիվ 2-րդ հիվանդանոց, որը կառուցվել է 1977 թ-ին և որի հիմնադիրն էր ակադեմիկոս Սուրեն Քրիստոֆորի Ավդալբեկյանը: "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնը, համաձայն միջազգային ստանդարտների, համարվում է 2-րդ աստիճանի վնասվածքների կենտրոն, որի արդյունքում էլ իրենց զարգացումն են ստացել որոշ վիրաբուժական պրոֆիլի բաժանմունքները և ստեղծվել նորերը:
Բժշկական կենտրոնի մի շարք բաժանմունքներ, ինչպիսիք են` շտապ օգնության և վերակենդանացման, վիրաբուժական, պրոկտոլոգիայի և թերապիայի բաժանմունքները, արժանացել են Համաշխարհային առողջապահության համակարգի ընդունված՝ բժշկական հաստատությունների և բուժքույրական անձնակազմի միջազգային որակավորման "Մագնետ" աստիճանի:
2004 թվականից Հայաստանի առողջապահության համակարգում օպտիմիզացիայի շրջանակներում հիվանդանոցի կառուցվածքի մեջ ներգրավվեց թիվ 4 կլինիկական ծննդատունը, թիվ 14 մեծահասակների պոլիկլինիկան, թիվ 5 մանկական պոլիկլինիկան և թիվ 2 մանկական նյարդաբանական կենտրոնը :
Այսօրվա դրությամբ բժշկական կենտրոնը ունի 20 բաժանմունք, 775 մահճակալ: Այն հագեցված է բոլոր ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսա-ռեզոնանսային սարքավորում, ախտորոշման բոլոր անհրաժեշտ բուժ. սարքավորումներով և պարագաներով:
2008թ-ից սկսած բուժմիավորման պոլիկլինիկայի մասնաշենքի բազայի վրա գործում է նաև "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ-ի Պետական բժշկական քոլեջը հետևյալ մասնագիտություններով`
"Քույրական գործ"
"մանկաբարձական գործ"
"դեղագործություն"
"բժշկական կոսմետոլոգիա":