“Սուրբ Գրիգոր
Լուսավորիչ” բժշկական
կենտրոնը համարվում է
Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկը: Բժշկական կենտրոնը կառուցվել է
1977 թ-ին, որի հիմնադիրն
էր ակադեմիկոս Սուրեն Քրիստոֆորի Ավդալբեկյանը:
Հիվանդանոցի
սկզբնական անվանումն է
Քաղաքային շտապ օգնության թիվ 2-րդ հիվանդանոց:
1991 թվականին հիվանդանոցը վերանվանվեց “Շտապ օգնություն” գիտաբժշկական կենտրոնի, որի կազմում ներառված էր նաև Երևան քաղաքի շտապ օգնության կայանի համակարգը: Միայն 1994 թ-ից շտապ օգնության կայանը ամբողջությամբ առանձնացվեց որպես առանձին հիմնարկություն: Սակայն պահպանվեցին “Շտապ օգնություն” ԳԲԿ-ի հետ ուսումնամեթոդական ծրագրերը և շտապ օգնության կայանի համակարգի մասնագետներից շատերը ևս ընդգրկվեցին ԱՄՆ-ի առաջատար կենտրոնների հետ համատեղ անցկացված վերապատրաստման ծրագրերում: Առաջին անգամ հանրապետությունում և ԱՊՀ-ում խոշոր բազմապրոֆիլային հիվանդանոցային պայմաններում, վիրաբուժական պրոֆիլի բազայի վրա համաձայն միջազգային ընդունված ստանդարտներին կազմակերպվեց 2-րդ աստիճանի վնասվածքների կենտրոն: Դրա հետ կապված իրենց զարգացումը ստացան որոշ վիրաբուժական պրոֆիլի բաժանմունքները և ստեղծվեցին նորերը:
ԳԲԿ-ն` որպես բազմապրոֆիլային կենտրոն, իր ակտիվ աշխատանքով աչքի ընկավ աղետալի երկրաշարժի ժամանակ, այնուհետև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ` ոչ միայն տեղում բուժօգնություն կազմակերպելով, այլ տարբեր մասնագետների կամավոր բուժօգնությամբ հանրապետության տարբեր ծայրամասային հիվանդանոցներում: Բժշկական կենտրոնը` պրոֆ. Արա Միքայելի Մինասյանի ղեկավարությամբ, 1992 թվականից աշխատանքային և ուսուցողական ծրագերի շրջանակներում սերտ կապ հաստատեց ԱՄՆ-ի Բոստոնի բժշկական կենտրոնի և Մասսաչուսեթսի բժշկական համալսարանի հետ: Վերը նշված կենտրոնների աջակցությամբ բժշկական կենտրոնի բազայի վրա ստեղծվեց առաջինը հանրապետությունում (նախկինում վերակենդանացման բաժանմունքի) բազայի վրա շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունք, ինչը ամբողջովին վերափոխել և կատարելագործել է անհետաձգելի վիճակներում գտնվող վնասվածքներով հիվանդների հոսպիտալացումը և բուժական միջոցառումների կազմակերպման գործում եղած մոտեցումների սկզբունքները:
1992 թվականին ԱՄՆ-ի վերը նշված բժշկական կենտրոնների աջակցությամբ բժշկական կենտրոնի բազայի վրա ստեղծվեց Շտապ օգնության ուսուցողական տարածաշրջանային կենտրոն, որը 1994 թվականին դարձավ ԱԱԻ-ի շտապ օգնության ամբիոնը: Այդ կենտրոնների հետ համատեղ ամբիոնում մշակվեցին և իրագործվեցին ուսումնական մի շարք դասընթացներ շտապ օգնության միջհիվանդանոցային և հիվանդանոցային փուլի բժիշկների, բուժքույրերի, ինչպես նաև վարորդական անձնակազմի համար: 1997 թ-ին առաջինը տարածաշրջանում ԱՄՆ Օքրիջի Ռադիացիոն կենտրոնի մասնագետների հետ համատեղ մշակվեց և մինչ օրս իրականացվում է տարածաշրջանում մեծ կարևորություն ունեցող ռադիացիոն աղետներին նախապատրաստվելու և դիմագրավվելու և դրանց վնասները նվազեցնելուն ուղղված դասընթացները: Հիվանդանոցի և ամբիոնի բազայի վրա ստեղծվեց և մինչ այժմ գործում է բուժօգնության հեռուստակամուրջը` Հանրապետության մարզերի միջև կապ հաստատելու և անհրաժեշտ խորհրդատվություն իրականացնելու նպատակով:
Բացի շտապ օգնության ամբիոնից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի բազայի վրա գործում են Մխիթար Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև նաև ԱԱԻ-ի ամբիոններ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է աշխատում 1615 բուժաշխատող, այդ թվում Հայաստանի անվանի բժիշկները՝ 1 ակադեմիկոս, մի շարք գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, Հանրապետության Առողջապահության նախարարության 3 և Երևանի քաղաքապետարանի 9 գլխավոր մասնագետներ, ինչպես նաև մեդալակիրներ (Մխիթար Հերացու և Անդրանիկ Օզանյանի անվ. շքանշաններով, իսկ հիվանդանոցի տնօրենը պարգևատրվել է Նանսենի, Մխիթար Հերացու և Անդրանիկ Օզանյանի անվան շքանշաններով, ինճպես նաև Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ կարգի շքանշանով և բազմաթիվ այլ շքանշաններով):
“Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ն աչքի է ընկնում նաև իր գիտական աշխատանքներով: ԲԿ-ում կազմակերպվում են ամենամյա գիտապրակտիկ գիտաժողովներ “Դեպք պրակտիկայից”, որոնց նյութերը ամփոփվում են հավաքածուի տեսքով: Ժողովածուում տեղ են գտնում ոչ միայն մեր կենտրոնի բժիշկների աշխատանքները, այլ նաև գիտական նյութեր ամբողջ հանրապետությունից:
ԲԿ-ի աշխատակիցներից շատերը (բժիշկներ, բուժքույրեր) վերապատրաստվել և աշխատանքային փորձի փոխանակում են ձեռք բերել ԱՄՆ-ի Մասսաչուսեթսի և Բոստոնի բժշկական կենտրոններում: Բոստոնի համալսարանի արտագնա պրակտիկայի ծրագրի շնորհիվ, ԱՄՆ-ից տարբեր բժշկական համալսարանների ուսանողներ մեկ ամիս տևողությամբ այցելում են Հայաստան և ծանոթանում մեր երկրի առողջապահության համակարգին։ 2015 թվականի տվյալներով մեր բժշկական կենտրոն են այցելել մոտ 100 ուսանողներ, այդ թվում նաև ուսանողներ Կանադայից, Ավստրալիայից և Եվրոպական մի քանի երկրներից: Ծրագրի կարևորությունը նաև նրանում է, որ տարբեր երկրների հայ երիտասարդ բժիշկները հնարավորություն ունեն իրար հետ կապեր հաստատելու, որը նպաստում է բժշկության զարգացմանը Հայաստանում:
Բժշկական կենտրոնը դիտվում է ԱՀԿ-ի շրջանակներում արտակարգ իրավիճակներին և աղետներին արագ արձագանքելու հանրապետական նշանակության բազա և այդ շրջանակներում իրականացվում է հիվանդանոցի կառուցվածքային և ոչկառուցվածքային բաղադրիչների ամրացման, պահպանման աշխատանքներ` հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
Բժշկական կենտրոնի շտապ օգնության և վերակենդանացման, վիրաբուժական, պրոկտոլոգիայի և թերապիայի բաժանմունքներն արժանացել են Համաշխարհային առողջապահության համակարգի ընդունված՝ բժշկական հաստատությունների և բուժքույրական անձնակազմի միջազգային որակավորման Մագնետ աստիճանին։
2004 թվականից Հայաստանի առողջապահության համակարգում օպտիմիզացիայի շրջանակներում հիվանդանոցի կառուցվածքի մեջ ներգրավվեց թիվ 4 կլինիկական ծննդատունը, թիվ 14 մեծահասակների պոլիկլինիկան, թիվ 5 մանկական պոլիկլինիկան և թիվ 2 մանկական նյարդաբանական կենտրոնը :
Այսօրվա դրությամբ բժշկական կենտրոնն ունի 20 բաժանմունք, 800 մահճակալ: Այն հագեցված է բոլոր ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսա-ռեզոնանսային սարքավորում, ախտորոշման բոլոր անհրաժեշտ բուժ. սարքավորումներով և պարագաներով:
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ինչպես նաև բուժկենտրոնի միջոցների հաշվին, վերջին տարիների ընթացքում կապիտալ վերանորոգվեցին բուժմիավորման բոլոր մասնաշենքերն իրենց բաժանմունքներով և կառուցվեց կենտրոնացված կաթսայատուն: 2012թ.-ին ավարտվեցին թթվածնի կայանի կառուցման աշխատանքները, իսկ 2014 թվականին կառուցվեց նոր կաթսայատուն, որը կգործի ծննդատան համար:
Վերջին տարիներին ակտիվորեն կազմակերպվում են բաց դռներ ինչպես հիվանդանոցում, այնպես էլ Հանրապետության բոլոր մարզերում, իսկ բուժման կարիք ունեցող հիվանդները հոսպիտալացվել են պետ.պատվերի շրջանակներում:
2008թ-ից սկսած բուժմիավորման պոլիկլինիկայի մասնաշենքի բազայի վրա գործում է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի Պետական բժշկական քոլեջը հետևյալ մասնագիտություններով` “Քույրական գործ”, “մանկաբարձական գործ”, “դեղագործություն” և “բժշկական կոսմետոլոգիա”: